Երկու տարվա ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցները կմիանան ընդհանուր համացանցին
Այսօր Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին միացված է 644 դպրոց տարբեր մարզերից։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը, այդ դպրոցներն ապահովված են շուրջօրյա ինտերնետային կապով։
Ազգային կենտրոնի ծրագրով ցանցը պաշտպանում է օգտագործողներին արտաքին միջամտություններից, հնարավորինս սահմանափակում անցանկալի ինտերնետային բովանդակությունը։ Գրիգորյանը հավելեց, որ mail.schools.am տիրույթում դպրոցներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցեներ, դպրոցական կայքեր։
«Ցանցի ներսում դպրոցներն ակտիվ գործում են, կատարվում է նյութերի փոխանակում», – պարզաբանեց նա։
Կենտրոնի տնօրենը նաև տեղեկացրեց, որ ցանցին կմիանա ևս 300 դպրոց։ Այսպիսով, տարվա վերջին ցանցի ներսում կգործի շուրջ 1000 դպրոց։
Գրիգորյանն անդրադարձավ նաև մասնագետների խնդրին։ Տնօրենի խոսքով՝ ինֆորմատիկայի ուսուցիչների և ցանցի աշխատողների համար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ։










