Google-ը խարդախությո՞ւն է անում
Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննությունն է սկսել Google-ի որոնողական համակարգի և գովազդային ծառայության շուրջ։ Պաշտոնական Բրյուսելը ստացել է երեք դիմում-բողոք Google-ի մրցակից ընկերություններից, և այժմ հանձնաժողովը զբաղվում է դրանց ուսումնասիրմամբ։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Բողոք են ներկայացրել Microsoft-ը, ինչպես նաև գների համեմատության ծառայություն մատուցող Foundem բրիտանական ընկերությունը և ejustice.fr ֆրանսիական որոնողական համակարգը։
Google ընկերությանը կասկածում են շուկայում գերիշխող դիրքի չարաշահման, գովազդային սակագների բարձրացման համար։ Բացի այդ, Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային մարմինները կուսումնասիրեն Google-ի որոնողական համակարգի մեխանիզմները, քանի որ բողոքներ են ստացվել, թե որոշ ընկերությունների էջեր ավելի ցածր վարկանշային տեղերում են հայտնվում որոնման ժամանակ։
Google-ում այդ մեղադրանքներն անհիմն են համարել՝ հավելելով, թե ոչ մի փոփոխություններ չեն կատարել որոնողական համակարգի մեխանիզմներում։










