Հայաստանում կառուցվելու է գերարագ ինտերնետային ցանց
Հայաստանի կառավարությունը մասնավոր հատվածի հետ սկսում է իրականացնել ևս մեկ հավակնոտ գաղափար՝ 100 մբիթ/վրկ թողունակությամբ ցանցի կառուցում։
Այսօր կառավարությունում ներկայացնելով «Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման (2010-12թթ.)» հայեցակարգը` էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ նման ցանցով նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում ապահովել կապ քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական աշխատողների միջև։
Ցանցի հիմնական հանգույցներից քաղաքացիների տներ և բնակարաններ կապը կընդլայնվի հիբրիդ ձևով (WiMax, օպտիկամանրաթելային և այլն)` միջին ժամկետում ապահովելով օպտիկամանրաթելային ցանցի հասանելիությունը դեպի տուն։ Նախարարը նշեց, որ այս միջոցառումները նախատեսվում է իրականացնել մասնավոր և պետական համագործակցության ներդրումային սխեմայի միջոցով։
Արդեն իսկ բանակցություններ են տարվում Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություններ մրցունակության համար» վարկային ծրագրի շուրջ, որի միջոցներից $12 մլն կուղղվի ծրագրի իրականացման համար։ Երիցյանը նշեց, որ այս ցանցի կառուցումը կառավարությանը 15 տարվա ընթացքում կապահովի 97 մլրդ դրամ եկամուտ։
Ըստ Երիցյանի՝ ելնելով նախատեսվող աշխատանքների բնույթից և ընդգրկվող խնդիրների բազմազանությունից` դրանք խմբավորվել են տարեկան կտրվածքով. նախնական փուլ (2010թ.), գործառնական փուլ (2011թ.), զարգացման փուլ (2012թ.) և կայացման փուլ (2012թ.)։










