Ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանի Ռեզերվացիա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին զայրացրել են «Մարդու օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքում 2009թ. կատարված փոփոխությունները:
«Պարզվում է, որ այս օրենքում կատարված փոփոխություններով մարդը պետք է տեղյակ լինի, որ առանց իրեն հարցնելու կարող են իր օրգաններն օգտագործել, և նա պետք է նախօրոք գրի, որ եթե իրեն մի բան պատահի, իր օրգանները չծախեն: Նույնիսկ երկրի դատարանները տեղյակ չեն` օրենքը հակասահմանադրակա՞ն է, թե՞ ոչ, իսկ մարդը պետք է տեղյակ լինի և նախօրոք գնա իր մահվան մասին տեղյակ պահի ու ասի, որ իր օրգանները չվաճառվեն»,- այսօր հրավիրած ասուլիսում իր զայրույթն արատահայտեց օմբուդսմենը:
Պաշտպանը նշեց, որ գնալով մեր Սահմանադրության և իրականության միջև կապը կտրվում է: Սահմանդրությամբ խոսվում է մարդու արժանապատվության մասին, սակայն մենք այսօր օրենսդրական փոփոխություն ենք կատարում, որ մարդու մահից հետո կարող են նրա օրգանները վերցնել և օգտագործել:
«Միգուցե մի քիչ սուտ կասեմ, բայց եթե այսպես շարունակվի, մենք 15-20 տարի հետո կխոսենք ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Հայաստանի ռեզերվացիայի մասին, ոչ թե ՀՀ Սահմանադրության մասին, այլ Հայաստանի Ռեզերվացիայի ներքին կանոնների մասին, որտեղ մի քանի հոգի ռեզերվացիա նայողը կլինեն, մնացածն էլ` նրանց սպասարկողը` ընդհուպ իրենց օրգաններով»,- կանխատեսեց պաշտպանը:










