Հարավկորեական դպրոցներում դասավանդում են ռոբոտ-ուսուցիչները
Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է ուսուցիչների պակասը լրացնել ռոբոտներով։ Սկզբնական փուլում մուլտֆիլմերի հերոսներին նման ռոբոտ-ուսուցիչները անգլերեն կդասավանդեն տարրական դպրոցներում և մանկապարտեզներում։ Այդ մասին հաղորդում է newsru.com-ը։
Ռոբոտներն ունակ են խոսել, տարբերակել խոսքը, ինքնուրույն շարժվել դասասենյակում և նույնիսկ օժտված են դիմաշարժությամբ։
Հարավային Կորեայում անգլերենը հիմնականում դասավանդում են ամերիկացիներ, կանադացիներ, անգլիացիներ և ավստրալացիներ։ Ուսուցիչների պակաս կա հատկապես հեռավոր գյուղերում։ Այդ պատճառով էլ երկրի կառավարությունը որոշել է ռոբոտներով լրացնել բացը։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի կառավարությունն իր առջև նպատակ է դրել, որ մինչև 2020թ. յուրաքանչյուր ընտանիք իր ռոբոտն ունենա։ Երկրի իշխանությունները մտադիր են այդ նպատակով ծախսել մոտ 45 մլն դոլար։ Ռոբոտ-ուսուցիչները մինչև 2011թ. կհայտնվեն երկրի 500 տարրական դպրոցներում, իսկ մինչև 2013թ.՝ 8 հազ. ուսումնական հաստատություններում։










