Եգիպտացի քրմերը ուտում էին աստվածներին զոհաբերված կերակուրը և մահանում սրտանոթային հիվանդություններից
Հին Եգիպտոսի քրմերի սննդակարգը անառողջ է եղել։ Այն հիշեցնում է McDonald’s ժամանակակից ռեստորանների կերակուրը։ Նման սննդակարգը քրմերի մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ է դարձել։ Այսպիսի եզրակացության են եկել Մանչեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները` ուսումնասիրելով քրմերի մումիաների անալիզներն ու հին եգիպտական տաճարների պատերի գրությունները։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Գրությունների համաձայն՝ քրմերը սնվել են այն կերակուրներով, որը զոհաբերել են աստվածներին, այսնինքն՝ բարձր կալորիականության սննդով։ Եգիպտոսի աստվածներին զոհաբերել են յուղոտ մսի կտորներ, հաց, ձու, կարագ, ինչպես նաև քաղցրավենիք՝ պատրաստված յուղով և յուղային հավելումով։ Քրմերը նաև չարաշահել են ալկոհոլը, որը նույնպես զոհաբերվում էր Եգիպտոսի աստվածներին։
Բացի այդ, նրանց օգտագործած ուտելիքն աղի էր, քանի որ պահածոյացման համար աղ էր օգտագործվում։ Հաշվի առնելով անառողջ սննդակարգը՝ գիտնականները չեն զարմանում, որ Հին Եգիպտոսի էլիտայի ներկայացուցիչները, չնայած իրենց հարստությանը, կարճ են ապրել՝ 40-50 տարի։ Իսկ ահա գյուղացիները Հին Եգիպտոսում ավելի առողջ սնունդ են օգտագործել՝ նախընտրելով հիմնականում բուսական սնունդ՝ բանջարեղեն, կանաչեղեն, միրգ, սոխ, սխտոր և այլն։










