Հայ ընտանիքները կիսով չափ են վերարտադրվում. ժողովրդագիր

16:56 • 03.03.10

Հայաստանում 2009թ. ծնվել է 44 466 երեխա, ինչը 8 տոկոսով ավելի է 2008թ. ցուցանիշից: Մեր երկրում 1000 բնակչի հաշվով ծնված երեխաների թիվը 2009թ. կազմել է 14: Այս ցուցանիշներն այսօրվա ասուլիսում ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Հայաստանի ծնելիության թվերը համեմատելով ԱՊՀ մյուս երկրների ցուցանիշների հետ` մասնագետը նշեց, որ Ադրբեջանում 1000 բնակչի հաշվով տարեկան ծնվում է 18, Բելառուսում` 11, Վրաստանում` 13, Ղազախստանում` 21, Ռուսաստանում` 13, Տաջիկստանում` 31 երեխա:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Հայաստանի ծնելիության ներկայիս ցուցանիշը միջին է համարում` նշելով, որ 1970-80-ականներին 1000 բնակչի հաշվով երկրում 25-26 երեխա էր ծնվում: «Եթե 80-ականներին հայ ընտանիքների 30 տոկոսն ունենում էր երրորդ և ավելի երեխան, ապա այժմ ընտանիքները կիսով չափ են վերարտադրվում»,- նշեց նա:

Ըստ Եգանյանի` վերջին 3-4 տարիներին, 90-ականների համեմատ, երկրում ծնելիության աճ է նկատվում, քանի որ 80-ականներին ծնվածներն են վերարտադրության տարիքում գտնվում: Հետագայում, երբ 90-ականներին ծնվածները մտնեն վերարտադրողական տարիք, երկրում ծնելիության ցուցանիշը շուրջ 2 անգամ կնվազի: «Սա ծանր իրավիճակ կստեղծի և կբերի նրան, որ մենք կունենանք բնական վերարտադրության հաշվով ապաբնակեցում: 90-ականներին էլ ենք ունեցել ապաբնակեցում, սակայն դա հիմնականում միգրացիայի հետևանք էր: 90-ականներին երկրում ստեղծված սոցիալական իրավիճակի արդյունքում երկրում ծնելիությունը նվազել էր շուրջ 2 անգամ»,- ասաց մասնագետը:

Ըստ մասնագետների` աշխարհում ծնելիության ամենաբարձր ցուցանիշներն այսօր գրանցվում են Աֆրիկյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում: