Լոլիկ, լոբի, սմբուկ և բրնձի դաշտ Ճապոնիայի աշխատասենյակներում
Ճապոնիայի մի շարք գրասենյակներում աշխատակիցները աճեցնում են լոլիկ և լոբի հենց աշխատասենյակներում։ Տնկիներից ստացված բերքը, իհարկե, մեծ չէ. այն հիմնականում օգնում է թոթափել առօրյա աշխատանքի սթրեսը։
Տոկիոյի Pasona O2 ընկերությունը, սակայն, ավելի հեռու է գնացել. այն Տոկիոյի կենտրոնում գտնվող իր 9-հարկանի գրասենյակը պտղատու այգու է վերածել։ Առաջին հարկում ցանել են բրնձի փոքր դաշտ, որից ընկերությունն ակնկալում է ստանալ տարեկան 150 կգ բրինձ։ Լոլիկի, դդումի, սմբուկի մարգերը գտնվում են ընդունարանի հարևանությամբ։ Ընդհանուր հաշվով, շենքում աճեցնում է բանջարեղենի, պտուղների 280 տեսակ։
Երրորդ հարկում աճում են մանդարինի և կիտրոնի ծառեր։ Այցելուների համար նախատեսված սպասասրահում ճապոնացիներն աճեցնում են հազար և մաղադանոս։










