«Գուգլել» առանց գրաքննության
Google-ը մի քանի շաբաթից կարող է արդեն չգրաքննել որոնման արդյունքները Չինաստանում։ Բացի այդ՝ ամերիկյան ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը տեղական շուկայում, թեև որոշ սահմանափակումներով։
Ըստ ամերիկյան Wall Street Journal-ի՝ այսպիսին են ընկերության և չինական իշխանությունների միջև ամիսներ տևած բանակցությունների արդյունքները։ Ընդ որում` ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագրվելու են առանձին համաձայնագրի տեսքով։
Նշենք, որ այս հունվարին Google-ը հայտարարեց, որ չի պատրաստվում այլևս վերահսկել ու զտել որոնման արդյունքները։ Մինչ այսօր չինական իշխանությունները ինտերնետային մի շարք ռեսուրսների պարտադրում են գրաքննել որոնման արդյունքները։
Ընկերությունները, մասնավորապես, պարտավորված են զտել կամ արգելափակել քաղաքական ու պոռնոգրաֆիկ բնույթի բոլոր կայքերը։
Google-ի և ՉԺՀ կառավարության միջև բանակցությունները շարունակվում էին երեք ամիս փոփոխական հաջողություններով։ Սպասվող համաձայնության արդյունքում Google-ի գործունեությունը մասնակիորեն կարող է սահմանափակվել երկրի կենտրոնական շրջաններում, մինչդեռ ՉԺՀ հարավային մասում ընկերությունը շատ ավելի լայն հնարավորություններ է ունենալու։ Այս մասին հաղորդում է «Կապիտալ» օրաթերթը։










