Հայերն ավելի հանդուրժող են դարձել միասեռականների նկատմամբ

16:02 • 15.03.10

Այսօր մեր տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդացության աճի տեմպն ավելի բարձր է, քան եվրոպական երկրներում: Դրան նպաստում են մարմնավաճառությունն ու համասեռականությունը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեցին բժիշկ-սեքսապաթոլոգներ Ռուզան Ազատյանն ու Արամ Բարսեղյանը:

Ըստ մասնագետների` սեռավարակներով վարակվելու վտանգը մեծ է հատկապես միասեռականների շրջանում: Հայաստանում միասեռականներ միշտ էլ եղել են, սակայն այսօր, ըստ սեքսապաթոլոգների, նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվել է, մարդիկ ավելի հանդուրժող են դարձել, ինչի հետևանքով էլ նրանք «առիթից օգտվում և փողոցներում ազատ շրջում են»:

Ըստ բժիշկների` միասեռականների` «ջրի երես դուրս գալը» նաև փաստում է այն մասին, որ Հայաստանը եվրոպականացման ուղին է բռնել:

Միաժամանակ, մասնագետները նշեցին, որ միասեռականությունը շեղում չէ, և, որ նման մարդիկ եվրոպական երկրներում հասարակության լիիրավ անդամներ են: «Այդ է պատճառը, որ շատ միասեռականներ այսօր գալիս, մեզանից տեղեկանք են ուզում, որպեսզի մեկնեն արտերկիր»,- ասաց Ա. Բարսեղյանը:

Մասնագետները կարևորեցին սեռական դաստիարակության հարցը` նշելով, որ դեռևս դպրոցից երեխան պետք է պատկերացում կազմի իր սեռական օրգանների մասին: «Պարտադիր չէ դպրոցահասակ երեխայի մոտ սեքսից խոսել, յուրաքանչյուր տարիքի երեխայի իր ինտելեկտին համապատասխան տեղեկատվություն պետք է տրվի»,- ասաց Ռ. Ազատյանը: Նա նշեց, որ իրենց շատ են դիմում նաև լեսբուհիները: