Facebook–ն առաջ է անցել Google–ից
Հասարակական Facebook ցանցը տարին ֆինանսական ֆենոմենալ աճով է փակել՝ ամերիկյան օգտատերերի շրջանում իր ժողովրդականությամբ գերազանցելով Google-ին։ Ըստ Hitwise վերլուծական ընկերության տվյալների՝ անցյալ շաբաթ այս երկու պորտալներին բաժին է ընկել Միացյալ Նահանգներում ինտերնետային բոլոր այցելությունների 14%-ը։ Facebook-ի գլխավոր էջին է բաժին ընկել տեղեկատվահոսքի (տրաֆիկ) 7,07%-ը, Google-ին՝ 7,03%-ը։
Նշենք, որ Hitwise-ի վիճակագրությունը հաշվի է առնում միայն Google.com կատարված մուտքերը, այսինքն` Gmail, YouTube, Google Maps ծառայությունները, մինչդեռ բրաուզերների փնտրման պատուհանի միջոցով կատարվող հարցումները հոսքի մեջ չեն ներառվում։ Եթե ներառենք նաև Google-ին պատկանող բոլոր էջերը, ապա Hitwise-ի տվյալներով` նախորդ շաբաթ ընկերությանը բաժին է ընկել ԱՄՆ 100 խոշորագույն դոմենների վրա կատարվող հարցումների 11,03%-ը։ Yahoo-ի ցուցանիշը 10,98% է, Facebook-ինը՝ 7,07%։
Շաբաթական տվյալներով` Facebook.com-ն առաջին անգամ է առաջատարի դիրքից դուրս մղում Google.com-ին։ Առավելությունը թեև նվազագույն է, սակայն շատ ավելի կարևոր է հեռանկարի անխուսափելիությունը. Facebook-ի ժողովրդականությունը կտրուկ աճում է։ Անցած տարի խոսքը տեղեկատվահոսքի ընդամենը 2% չափաբաժնի մասին էր։
Նշենք, որ Google.com-ը առաջատարի դիրքում հայտնվեց 2007թ. սեպտեմբերին` հորիզոնականը խլելով Ռուպերտ Մերդոկի News Corp-ի MySpace.com ինտերնետային նախագծից։ Նախորդ տարվա ընթացում կրկնապատկվել է Facebook-ի անդամների թիվը. 2009թ. ապրիլին ցանցում գրանցված էր 200 մլն օգտահաշիվ (account), այս փետրվարին դրանց թիվն արդեն 400 մլն էր։










