Միշել Օբամա vs Coca-Cola
ԱՄՆ առաջին տիկինը կոչ է արել սննդի արդյունաբերության հսկաներին` Coca-Cola-ին, General Mills-ին, Kraft Foods-ին, առողջ սնունդ արտադրել հատկապես երեխաների համար և ոչ թե շուկան խեղդել վնասակար ապրանքներով ու ըմպելիքներով։
Ելույթ ունենալով Նպարեղենի արտադրության ամերիկյան ասոցիացիայի կազմակերպած համաժողովում՝ Միշել Օբաման հայտարարել է, թե սննդի արդյունաբերությունում էական տեղաշարժ է ակնկալում։ «Մենք կոսմետիկ փոփոխություններ չէ, որ սպասում ենք։ Ուզում ենք, որ ամբողջովին վերաիմաստավորեք առաջարկվող ապրանքատեսականին ու սպառողներին, հատկապես երեխաներին հրամցվող տեղեկատվությանն այլ կերպ նայեք»,- ասել է Միշել Օբաման։
Տիկին Օբամայի համար վերջին շրջանում «այցեքարտային» է մանկական ճարպակալման դեմ պայքարը։ Ցուցանիշը Միացյալ Նահանգներում վերջին երեք տասնամյակների ընթացքում եռապատկվել է, ինչի համար Միշել Օբաման մեղադրում է ոչ միայն ծնողներին, ուսուցիչներին ու պետպաշտոնյաներին, այլև առաջին հերթին` սննդի արդյունաբերության ներկայացուցիչներին։ «Մենք կարող ենք յուրաքանչյուր թաղամասում նոր ու հիանալի սուպերմարկետներ կառուցել, բայց մեզ այդ սուպերմարկետներում մատչելի գներ ու առողջ սնունդ է հարկավոր»,- հայտարարել է առաջին տիկինը։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին ԱՄՆ կարգավորիչ մարմինները նախազգուշացրել էին սննդի ու ըմպելիքների արդյունաբերության 16 խոշորագույն ամերիկյան ընկերությունների։ Իշխանությունների դժգոհությունը հարուցել էր արդյունաբերական հսկաների մարկետինգային քաղաքականությունը. նրանք սեփական արտադրանքը շուկայում ամեն կերպ փորձում են դիրքավորել որպես «առողջ սնունդ։
Այս մասին մեզ հայտնում է «Կապիտալ» օրաթերթը։










