Սևանա լճում բոլոր ձկնատեսակների որսն արգելվա՞ծ է

18:17 • 19.03.10

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանն այսօրվա ասուլիսում հավատացրեց, որ Սևանա լճի ձկնատեսակները պահպանվում են, խնդիր է դրված ապահովել դրանց վերարտադրությունը։ Եթե ժամանակին Սևանից որսում էին տարեկան 2000 տոննա սիգ, ապա այսօր, ըստ մասնագետի, լճում սիգի պաշարն ընդամենը 350 տոննա է։ «Սիգի և իշխանի համալրման աշխատանքները շարունակվում են։ Սևան թափվող 28 գետերից 8-ը պետք է լրացուցիչ արգելավայրեր համարվեն, այնտեղ պահպանական ռեժիմը կխստացվի և իշխանի բնական վերարտադրություն կիրականացվի։ Իսկ սիգի բնական վերարատադրությունն իրականացվում է Սևանա լճում»,- նշեց Զիրոյանը։

Ըստ մասնագետի՝ այսօր 1 տարեկան սիգը նույնպես արդեն ձվադրում է, այն դեպքում, երբ նախկինում սիգը 3 տարեկանում էր դառնում սեռահասուն։ Եթե առաջիկա 1-2 տարիներին Սևանի անձեռնմխելիությունն ապահովվի, մասնագետները հույս ունեն, որ 2 տարի անց Սևանում սիգի պաշարը կհասնի մինչև 10 հազ. տոննայի։

Ըստ Զիրոյանի՝ Սևանում բոլոր ձկնատեսակների և խեցգետնի որսի արգելումը նպատակահարմար չէ։ «Խեցգետնի պաշարը չհավաքելը հանցագործություն է։ Ունենք կարաս, որը Սևանի համար անցանկալի օրգանիզմ է, ուտում է մյուս ձկներին, նաև հիվանդություններ է տարածում, պետք է որսվի»,- ասաց նա։

Սակայն հաշվի առնելով այն, որ կարասի անվան տակ այլ ձկնատեսակներ էլ են որսվում, նախարարը հանձնարարել է առաջիկա 2 տարվա ընթացքում լճում բոլոր ձկնատեսակների որսն արգելել։ Այսօր թույլատրվում է միայն խեցգետնի որսը։

Զիրոյանը ժխտեց տարածված այն կարծիքը, թե խեցգետինը նպաստում է լճի ճահճացմանը։ «Ընդհակառակը խեցգետինը սանիտարի դեր է կատարում, սնվում է մահացած օրգանիզմներով»,- ասաց մասնագետը։