Google-ը նոր տիպի հեռուստացույցներ է մշակում

12:53 • 20.03.10

Google-ը, Intel-ի և Sony-ի հետ համատեղ, նոր տիպի հեռուստացույցներ է մշակում։ Համատեղ նախագծի արդյունքում, որը դեռ նախնական փուլում է, առաջարկվելու է ծրագրային նոր պլատֆորմ ու ծրագրային ապահովման փաթեթ, որը թույլ կտա հեռուստացույցում օգտագործել վեբ գործիքներ։

Նոր տեխնոլոգիան նախատեսվում է ներդնել նաև Blu-ray նվագարկիչներում ու տարբեր տեսակի հեռուստասարքերում։ Անհատական համակարգիչների համար հավելյալ սարքավորումներ արտադրող Logitech ընկերությունը նույնպես նախագծի մասնակիցների թվում է։
Այսպիսով` ՏՏ խոշոր ընկերությունների շարքում Google-ը վերջինն է միանում ինտերակտիվ հեռուստատեսության ստեղծման ու հեռուստատեսությամբ լրացուցիչ էլբովանդակության առաջարկելու մրցավազքին։

Հեռուստատեսությունը, այսպիսով, Google-ի և Apple-ի նոր մարտադաշտն է։ Apple-ը դեռ 2006թ. է ներկայացրել իր Apple TV-ն։ Ցանցային մուլտիմեդիա այս նվագարկիչը վերարտադրում է iTunes-ի էլեկտրոնային բովանդակությունը հեղուկաբյուրեղային հեռուստացույցների ու պլազմային էկրանների վրա։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը: