Մեկ ժամ խավարի մեջ՝ հանուն Երկրագնդի ռեսուրսների պահպանման

16:07 • 24.03.10

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Կոնգրես հյուրանոցը, ՍՓՅՈՒՌ տեղեկատվական կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոն ՍՊԸ-ն և մի շարք այլ կազմակերպություններ համատեղ կազմակերպում են «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում, որի նպատակն է միավորել հասարակությանը և բիզնես աշխարհին, կառավարություններին և համայնքներին մեկ ժամով անջատել լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման։

«Մոլորակի ժամ» միջազգային ակցիային նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում տեղի կունենան 2010թ. մարտի 27-ին, ժ. 20։30-ից 21։30-ը։ Երևան քաղաքում նույնպես մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաև քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը։ 2010թ. «Մոլորակի ժամ»-ը նպատակ ունի ներգրավել ավելի քան 1 մլրդ. բնակչություն աշխարհի 6000 քաղաքներում։

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ 2008թ. ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել էր այս միջոցառմանը։ 2009թ. «Մոլորակի ժամ» ակցիային մասնակցել էր 1 մլրդ. բնակչություն ավելի քան 4000 քաղաքներում։