Google-ին տուգանել են անպարկեշտ կատակների համար

10:01 • 24.03.10

Բրազիլիայի Ռոնդոնիա նահանգի դատարանը տուգանել է Google ամերիկյան ընկերությանը Orkut սոցիալական ցանցում գրաքննական անզգույշ քաղաքականության համար։ Դատական գործ է հարուցվել անպարկեշտ արտահայտությունների և կատակների պատճառով, որոնք զետեղվել են Google-ին պատկանող Orkut կայքում։ Դատավճռի համաձայն՝ Google-ը պարտավոր է վճարել յուրաքանչյուր օրվա համար 2700 դոլար սկսած այն օրվանից, ինչ անպարկեշտ կատակները զետեղվել են կայքում։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

Բացի այդ, դատարանը պահանջել է ընկերությունից այսուհետև թույլ չտալ անպարկեշտությունների զետեղումը Orkut կայքում։ Նշենք, որ Orkut-ը սոցիալական ցանց է, որի օգտատերերի մեծ մասն ապրում է Բրազիլիայում։

Google-ի ներկայացուցիչները փորձել են արդարանալ, թե ընկերությունը բավականաչափ տեխնիկական հնարավորություններ և մարդկային ռեսուրսներ չունի, որպեսզի ամբողջովին վերահսկի և պատճաշ գրաքննության ենթարկի կայքի բովանդակությունը։

Աղբյուրները, սակայն, չեն հաղորդում, թե կոնկրետ ինչ կատակների մասին է խոսքը։