Ապագայի մեքենաները վարորդի կարիք չեն ունենա
Շանհայում տեղի ունեցած ցուցահանդեսում ներկայացվել է EN-V մեքենայի նախատիպը։ Ուղղահայաց երկտեղանի մեքենան նախատեսված է ապագայի ծանրաբեռնված փողոցների համար։ Մեքենան մշակվել է General Motors-ի և նրա չինական գործընկեր SAIC-ի համատեղ ուժերով։ Այս մասին հաղորդում է Autocar-ը։
Ապագայի մեքենաները շարժվում են 3 կՎտ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչների միջոցով, որոնք տեղադրված են անիվների մեջ։ EN-V-ի երկարությունը կազմում է միջինը 1,22 մ, իսկ բարձրությունը՝ 1,83 մ։
Մեքենաներն աշխատում են էլեկտրոնային կառավարմամբ։ EN-V մեքենաները կարող են տվյալներ փոխանակել իրար հետ՝ օգտվելով GPS գլոբալ դիրքավորման համակարգի հնարավորությունից։ GM-ը հույս ունի, որ ապագայում անվտանգության նման համակարգերը հնարավորություն կտան խուսափել վթարներից։
Բացի այդ, նշվում է, որ ապագայի մեքենաները կարող են աշխատել ավտոմատ ռեժիմով՝ առանց վարորդի միջամտության։ Օրինակ՝ մեքենան կարող է ինքնուրույն վարորդին հասցնել աշխատավայր, այնուհետև գնալ վերալիցքավորման և սահմանված ժամին վերադառնալ վարորդի հետևից` նրան տուն հասցնելու համար։










