Տետրիսն օգնում է հաղթահարել սթրեսը
Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտաշխատողներ՝ դոկտոր Էմիլի Հոլմսի գլխավորությամբ, ապացուցել են, որ տետրիս խաղը կարող է օգնել մեղմել հետտրավմատիկ սթրեսը ուժեղ շոկից հետո։ Բրիտանացի մասնագետների կարծիքով՝ տետրիսը կարող է ջնջել վատ հիշողությունները։ Այս բացահայտման շնորհիվ կարող է մշակվել բուժման նոր մեթոդ դժբախտ պատահարներից տուժածների, ինչպես նաև ռազմական գործողությունների մասնակցած մարդկանց համար։ Այդ մասին հաղորդում է Вокруг Света-ն։
Բրիտանացի մասնագետների ուսումնասիրությանը մասնակցել է 40 առողջ կամավոր։ Նրանց ցույց են տվել վիրավորների դաժան տեսարաններ, ինչից հետո կամավորներից 20-ը մոտ 10 րոպեի ընթացքում տետրիս են խաղացել, իսկ մյուս մասնակիցները ոչնչով չեն զբաղվել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր տետրիս են խաղացել, հաջորդ շաբաթվա ընթացքում ավելի քիչ են տառապել վատ հիշողություններից։










