Հայաստանում քաղցկեղի դեպքերը տարեկան աճում են 3-4 տոկոսով

15:22 • 29.03.10

Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը տարեկան ավելանում է 3-4 տոկոսով, ինչը համապատասխանում է միջազգային վիճակագրությանը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Ուռուցքաբանության ազգային ինտիտուտի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը` նշելով, որ նախորդ տարի Հայաստանում հայտնաբերվել է քաղցկեղով հիվանդացության 7657 նոր դեպք:

Հայաստանում առաջին տեղում թոքի քաղցկեղն է, երկրորդ տեղում` կրծքագեղձինը, երրորդ տեղում` ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը և այլն: Քաղցկեղով հիվանդների 52 տոկոսը տղամարդիկ են, 48 տոկոսը` կանայք: Տղամարդկանց մոտ առավել շատ հանդիպում է թոքերի, կանանց մոտ` կրծքագեղձի քաղցկեղը: Տարեկան Հայաստանում մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք է գրանցվում:

Մասնագետը խորհուրդ է տալիս քաղցկեղային հիվանդություններից խուսափելու համար առողջ կենսակերպ վարել, հետևել սննդակարգին, զերծ մնալ սթրեսներից: Շրջակա միջավայրը, ինֆեկցիոն հիվանդություններն ու գիրությունը նույնպես նպաստում են քաղցկեղի առաջացմանը: Միայն 10-12 տոկոս դեպքերում է այս հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում:

Խոսելով հիվանդացության` տարեցտարի գրանցվող աճին նպաստող հանգամանքների մասին` մասնագետն ասաց. «Մարդկանց կյանքի տևողությունն է երկարել, այժմ մարդիկ ապրում են 70-75 տարի, իսկ այդ հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս ծերության տարիներին: Քաղցկեղի աճին նպաստում են նաև օդի աղտոտվածությունը, սթրեսները և հորմոնալ պրեպարատների օգտագործումը»,- ասաց նա:

Քաղցկեղի բարդացած տեսակներից խուսափելու և այս հիվանդությունը կանխարգելելու համար մասնագետները բնակչությանը խորհուրդ են տալիս պարբերաբար բուժզննում անցնել: Ըստ Բազիկյանի` առաջնային փուլում հայտնաբերվելու դեպքում այս հիվանդությունն 90 տոկոսվ բուժվում է, երկրորդ փուլում հայտնաբերվելու դեպքում` 55-60 տոկոսով: Բարդացած են համարվում քաղցկեղի երրորդ և չորրորդ փուլերը: Մասնագետը նշեց, որ բժիշկներին վաղ դիմելու արդյունքում Հայաստանում քաղցկեղից բուժվել է 15 707 մարդ, ովքեր ապրում են արդեն 5 և ավելի տարի:

«Քաղցկեղը մահապատիժ չէ, այն ընդամենը հիվանդություն է, որից չպետք է վախենալ, բայց պետք է կանխարգելել»,- ասաց մասնագետը: