Հայաստանում միջազգային չափանիշներով գլխուղեղի ստենտավորում կիրականացվի

14:36 • 31.03.10

Այսօր հանդիսավորությամբ բացվեց Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին հիվանդանոցային համալիրի Ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոնը: Բուժկենտրոնի կառուցմանն աջակցել է նաև ամերիկահայ հայտնի բարերար Նազար Նազարյանի ընտանիքը, ուստի կենտրոնն անվանվել է նրա որդու` ամերիկահայ ականավոր բժիշկ Լևոն Նազարյանի անունով։

Կենտրոնի բացմանը մասնակցեցին բարերարները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և այլք:

ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանի խոսքով` կենտրոնը եզակի է Հայաստանում և տարածաշրջանային նշանակություն ունի: Այստեղ հնարավոր է ոչ միայն ճշգրիտ ախտորոշել ուղեղի անոթների խաթարումները, այլև ստենտավորել ուղեղի անոթները` նվազեցնելով ինսուլտների ռիսկը:

Կենտրոնը հագեցած է նորագույն հատուկ սարքավորոմներով և բարձրակարգ կադրերով: Կառուցման ծախսը կազմել է 4.5 մլն դոլար, որից 1.7 մլն-ը հատկացրել են բարերարները, մնացածը վարկային միջոցներ են: