iPhone–ը կաշխատի միայն «Օրանժի» սիմ քարտերով

13:13 • 31.03.10

«Օրանժ Արմենիա» ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց iPhone բջջային հեռախոսները։ Ինչպես այսօր կայացած շնորհանդեսին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Հայաստանում iPhone–ի ներկայացումը հնարավոր եղավ FranceTelecom-ի և Apple ընկերության համագործակցության շնորհիվ։ «Օրանժ Արմենիան» իր բաժանորդներին ներկայացնելու է երեք մոդելի iPhone հեռախոսներ։ 8 գիգաբայթ հիշողությամբ iPhone 3G–ը կվաճառվի 245 հազար դրամով, 16 գիգաբայթ հիշողությամբ iPhone 3GS-ը ՝ 299 հազար, 32 գիգաբայթ հիշողությամբ iPhone 3GS-ը՝ 350 հազար։

«Օրանժ Արմենիայի» մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով՝ հեռախոսների համար մշակված է չորս սակագնային պլան։ Նա նշեց, որ iPhone–ը կաշխատի միայն «Օրանժի» սիմ քարտերով։

Բրունո Դյութուան չցանկացավ նշել, թե որքան հեռախոս է նախատեսվում վաճառել Հայաստանում՝ ընդգծելով, որ դա իրենց և Apple–ի միջև կնքված պայմանագրի կոմերցիոն գաղտնիքն է։ Նա միայն նշեց, որ վաճառվող հեռախոսների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի։

Ռուսաստանում iPhone 3GS մոդելի հեռախոսները «Մեծ եռյակը» (ՄՏՍ, Բիլայն, Մեգաֆոն) սկսել է վաճառել մարտի 3–ից՝ 16 գիգաբայթը մոտ 1000 դոլար, իսկ 32 գիգաբայթը՝ մոտ 1200 դոլար։