Միջուկային մարտագլխիկներ Ստամբուլո՞ւմ

12:01 • 06.04.10

Թուրքիայում Միացյալ Նահանգներին պատկանող միջուկային զենքը տեղակայված են ոչ թե Ինջիրլիքի ռազմակայանում, այլ Ստամբուլում և սևծովյան տարածաշրջանի մի քանի քաղաքներում: Այս մասին թուրքական Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, պաշտոնաթող դեսպան Թաներ Բայթոքը:

«Ստամբուլում 12 միլիոն մարդ ապրում է միջուկային մարտագլխիկների վրա… Այդ զենքերը Թուրքիայից պետք է դուրս բերվեն: Սակայն մյուս կողմից անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան մնա Միացյալ Նահանգների միջուկային վահանի պաշտպանության ներքո»,- հայտարարել է Բայթոքը:

Բայթոքի խոսքով` Թուրքիան ինքնուրույն չի կարող տնօրինել և օգտագործել իր տարածքում տեղակայված միջուկային մոտ 100 մարտագլխիկները, քանի որ գործում է «երկու փականի համակարգը»:

«Բանալիներից մեկը` Միացյալ Նահանգներում է, իսկ մյուսը` Թուրքիայում»,- ասել է նախկին դեսպանը:
Օրեր առաջ The Times պարբերականը գրել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման միջուկային զինաթափման մասին իր նոր քաղաքականության հայեցակարգի շրջանակում պատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներից, այդ թվում` Թուրքիայից, դուրս բերել իր միջուկային զենքը:

Թերթի տվյալներով` ՆԱՏՕ-ի անդամ երկրներում տեղակայված միջուկային զենքի գրեթե կեսը (90 հատ B61 տիպի միջուկային ավիառումբ) գտնվում է Թուրքիայի տարածքում: