ՀՄՄ գլխավոր քարտուղարը զարմացած է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմամբ
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղարի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մասնակցությամբ Երևանում այսօր անցկացվեց «կլոր սեղան»` նվիրված հեռահաղորդակցության ոլորտի հիմնախնդիրներին:
ՀՄՄ գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն չկարողացավ թաքցնել իր զարմանքը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումների առնչությամբ: Նա արձանագրել է, որ ԱՊՀ տարածքում Ռուսաստանից և Ուկրաինայից հետո Հայաստանը երրորդ երկիրն է, որտեղ շարժական հեռախոսակապի 100 տոկոսանոց ծածկույթ է ապահովվում:
«Տեսնելով Հայաստանի փոքր տարածքը` ես ուղղակի ապշած եմ, թե դուք ինչպես եք կարողանում վերջին 4 տարիներին այդքան մեծ նպաստ բերել մեր միությանը»,– իր զարմանքը հայտնեց գլխավոր քարտուղարը:
Ըստ նրա` ծով չունեցող Հայաստանի համար այլընտրանքային հեռանկարներ են բացվում: «Եթե ծով չկա, դա նշանակում է, որ ձեր շուրջ շատ երկրներ կան, դրանից կարելի է օգտվել, և եթե ուզեք, կարող եք Հայաստանը աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնել»,- նշեց Տուրեն:
Նա նաև ասաց, որ Հայաստանում բարձր է ինտելեկտուալ զարգացման մակարդակը, իսկ ոլորտի կադրերի վերապատրաստման ուղղությամբ կատարված ներդրումների ցուցանիշից ինքը գոհ է:
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին, նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է մշակել ոլորտի քաղաքականություն, ապահովել դրա իրագործումն ու կանոնակարգերի սահմանումը, անհրաժեշտ վերահսկողություն իրականացնել: Ըստ նախարարի` միջոցներ են ձեռնարկվում նաև պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ:
Վարդանյանը նաև նշեց, որ ինտերնետ ծառայությունների զարգացմանը զուգահեռ հիմնախնդիր է դարձել կիբերհանցագործությունների տարածվածությունը: Դրանց դեմ պայքարելու համար հաստատվել է Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը:
«Բջջային կապի շուկայի ազատականցման արդյունքում Հայաստանում գործում են 3 օպերատորներ, իսկ բաժանորդների թիվը հասնում է շուրջ 3 մլն-ի: 2008թ. հետ համեմատած շուրջ 6 անգամ ավելացել է ինտերնետ կապից օգտվողների թիվը: Եթե 2008-ին ինտերնետի բաժանորդների թիվը հասնում էր 200 հազ.-ի, ապա այսօր դա կազմում է 1,2 մլն»,- տեղեկացրեց նախարարը:
Նա նաև ասաց, որ ՀՄՄ գլխավոր քարտուղարը Հայաստանին կաջակցի ոլորտի մի շարք խնդիրների լուծման հարցում:










