Ճգնաժամից ՏՏ ոլորտը և՛ տուժել, և՛ օգտվել է

09:36 • 08.04.10

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա թողել է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ճգնաժամի պայմաններում տուժել են հատկապես ոլորտի արտահանող ընկերությունները: Բացի այդ, ոլորտում ներդրումներ կատարելիս որոշակի զգուշավորություն է ցուցաբերվել:

Սակայն դժվարություններին զուգահեռ գրանցվել է նաև առաջընթաց: «Ճգնաժամը ցույց տվեց, որ արդյունավետության դերը պետք է լրջորեն վերանայվի: Այսինքն` միայն ներդրումները բավարար չեն հաջող բիզնես ունենալու համար, պետք է լուրջ ուշադրություն դարձնել արդյունավետ գործունեությանը: Մյուս կողմից էլ շատ լուրջ ներդրումներ սկսվեցին պրոդուկտների ձևավորման մասով»,- նշեց Ենգիբարյանը:

Ըստ նրա` ճգնաժամի պայմաններում ոլորտի արտադրանք տվող կազմակերպությունները լուրջ զարգացումներ և ներդրումներ ունեցան: «Դա է հիմնական պատճառը, որ տնտեսությունում արձանագրված լուրջ անկմանը զուգահեռ նախորդ տարի ՏՏ ոլորտում 17 տոկոս աճ գրանցվեց»,- բացատրեց բանախոսը:

Ենգիբարյանը նաև նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտն այսօր պետության աջակցությամբ պետք է կարողանա վերադիրքավորել, «որպեսզի գնացքի առաջին մասում լինենք, ինչը մեզ հնարավորություն կտա շուկա դուրս գալ: Մենք շատ փոքր ենք և մի փոքր ճիշտ ակտիվություն ու քաղաքականություն վարելու դեպքում կարող ենք շատ լավ դիրքավորվել»: