ԳԹԿ–ն դժգոհ է դպրոցական ընթացիկ քննությունների արդյունքներից
Հայաստանի շուրջ 40 դպրոցներում անցկացված ընթացիկ քննությունների արդյունքները գոհացուցիչ չեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Տարբեր առարկաներից ընթացիկ քննություններն անցկացվել են փետրվարին Սյունիքի մարզում և մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում։ Քննություններին մասնակցել է 8–11-րդ դասարանների շուրջ 7600 աշակերտ։ Այսպիսով, քիմիայի քննությունից «անբավարար» է ստացել 8–րդ դասարանի աշակերտների 62 տոկոսը, աշխարհագրությունից՝ 44, կենսաբանությունից՝ 35, ֆիզիկայից՝ 31 տոկոսը։ Շատ ցածր ցուցանիշներ են գրանցվել են գերմաներենի քննությունից. անբավարար է ստացել աշակերտների 74 տոկոսը։
Խաչատրյանը հավելեց, որ քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, հանրահաշիվ և ֆրանսերեն առարկաների քննություններից ոչ մի աշակերտ չի հավաքել ամենաբարձր` 9–10 միավոր։
Կենտրոնի տնօրենը նշեց, որ համեմատաբար լավ արդյունքներ են գրանցվել 11-րդ դասարանում։ «Դա կարելի է բացատրել նրանով, որ դա ավարտական դասարան է, և աշակերտները ավելի լուրջ են պատրաստվել քննություններին», – եզրափակեց նա։










