Բարձր հարկերը խոչընդոտում են ՏՏ ոլորտի զարգացումը
Վերջին տարիներին տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները դժգոհում են հարկային և մաքսային բարձր վճարներից, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացումը: Թեև ոլորտի ընկերությունները պարբերաբար քննարկումներ են անցկացնում, մաքսային և հարկային բնագավառի մասնագետներին ներկայացնում իրենց պահանջները, սակայն խնդիրները դեռևս չեն լուծվել:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, պետությունը պետք է վերանայի այս ոլորտում իր քաղաքականությունը: «Եթե մենք ուզում ենք գիտելիքահեն տնտեսություն ունենալ, ապա պետք է ռիսկային քայլեր կատարենք և տեխնոլոգիան տարանջատենք այլ ոլորտներից: Հավասար մոտեցմամբ աշխարհում ոչ մի տեղ տեխնոլոգիա չեն զարգացնում»,- ասաց մասնագետը:
Ըստ Ենգիբարյանի` այսօր ՏՏ ոլորտից գանձվող հարկերը հավասարեցված են տնտեսության մյուս ոլորտներից գանձվող հարկերին, այնինչ «այստեղ ստեղծվում է արժեք, որը հազարապատիկ ավելի թանկ է»:
«Մենք ունենք ունակություններ: Քիչ ոլորտներ կան, որտեղ հայկական մոդելը կիրառվում է աշխարհի այլ երկրներում: ՏՏ ոլորտում դա ունենք: Պատահական չէ, որ հնդիկները մեզ մոտ ստեղծում են տարածաշրջանային կենտրոն, դա նշանակում է, որ ունենք ներուժ, որը պետք է զարգացնել»,- ասաց Ենգիբարյանը:










