Հայաստանի ավիացիոն ոլորտի անվտանգությունն ապահովվա՞ծ է
Ավիացիոն ոլորտի միջազգային հեղինակավոր կառույցները պարբերաբար աուդիտ են իրականացնում և գնահատում Հայաստանի ավիացիոն ոլորտը: Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքների անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը, բոլոր աուդիտների արդյունքում Հայաստանն այս ուղղությամբ լավագույն արդյունք է ապահովում:
«Այս տարի տեղի է ունեցել Եվրամիության «Եվրակոնտրոլ» կազմակերպության աուդիտը: Նրանք վերջնական հաշվետվությունը դեռևս չեն ներկայացրել, սակայն նախնական արդյունքներով իրավիճակը գնահատել են դրական»,- նշեց մասնագետը:
Ըստ վարչության պետի` ավիացիոն անվտանգության պաշտպանությանն ուղղված քայլերից մեկն էլ հին օդանավերը նորերով փոխարինելու գործընթացն է։ Վերջին տարիներին այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, շահագործումից հանվել են ԽՍՀՄ արտադրության հին ինքնաթիռները:
«Վերջին ժամանակաշրջանում ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը թարմացնում է իր շարժակազմը` հենց գործարաններից գնելով ինքնաթիռներ: Առաջիկայում նույնպես նոր օդանավ ձեռք կբերվի»,- ասաց Կարապետյանը:
Մեր երկիրը վավերացրել է նաև բոլոր միջազգային կոնվենցիաները` ուղղված ավիացիոն ահաբեկչության դեմ պայքարին: Կարապետյանը հավատացրեց, որ Հայաստանի ավիացիոն ոլորտը հագեցած է զննման և բացահայտման լավագույն սարքավորումներով և բանիմաց կադրերով:
Հայաստանը 1992-ից ԻԿԱՕ միջազգային քաղավիացիայի կազմակերպության անդամ է:
«Ապահովվել են սահմանված բոլոր պահանջները: Այսօր արդեն մենք ուզում ենք, որպեսզի մեր և Եվրամիության պահանջները նույնը լինեն, այսինքն` մենք անցնում ենք Եվրամիության փաստաթղթերի կիրառմանը»,- նշեց Կարապետյանը:










