Մեդվեդևն անձամբ հաղորդագրություններ կգրի Twitter–ի իր բլոգում

18:11 • 10.04.10

Այսօր Twitter ծառայության ru_medvedev միկրոբլոգում, հաղորդագրություն է զետեղվել, որ 2010թ. մայիսից սկսած՝ միկրոբլոգում կդադարեն Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքից գրառումների փոխանցումները։ Այսուհետև twitter-ում ՌԴ նախագահն անձամբ կկատարի բոլոր գրառումները։

Նշենք, որ ru_medvedev միկրոբլոգը սկսել է գործել 2009թ. մարտից։ Մինչ այսօր այնտեղ կատարվել է ավելի քան 1300 գրառում՝ որպես կանոն, պաշտոնական հաղորդագրությունների կարճ տարբերակներ, որոնց ամբողջական տեքստերը կարելի է ընթերցել Կրեմլի կայքում։ Այս ժամանակահատվածում բլոգի ընթերցողների թիվը հասել է 11 հազարի։

Մոսկվայի մետրոյի ահաբեկչությունների օրը ru_medvedev միկրոբլոգում նման հաղորդագրություն էր զետեղվել. «Հարկավոր է շարունակել պայքարել ահաբեկիչների դեմ՝ առանց ձևականությունների, ոչնչացնելով նրանց առանց էմոցիաների և տատանումների»։

Այդ հաղորդագրությունն անբացատրելիորեն զետեղվել է twitter-ում նախքան Կրեմլի կայքում հայտնվելը։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հերքել է այդ գրառման հետ առնչությունը և նամակ գրել twitter ընկերությանը։