Համաշխարհային բանկը սատարում է Հայաստանի ավագ դպրոցներին

15:29 • 12.04.10

Շուտով կհաստատվի ավագ դպրոցների նոր ցանկը։ Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այդ ցանկը պետք է հաստատված լիներ դեռ այս տարվա մարտին։ Սակայն, ըստ նախարարի, մարզպետարանների և քաղաքապետարանի կողմից ներկայացված դպրոցները չեն բավարարել նախարարության առջև դրված չափորոշիչները։

Աշոտյանը նշեց, որ առաջին ցանկով ներկայացվել էր 36 դպրոց, այն դեպքում, երբ այս տարվա ընթացքում ավագ դպրոցների թիվը պետք է կազմեր 44–48 դպրոց։ «Ակնհայտ է, որ ներկայացված ցանկը չէր կարող հավանության արժանանալ նախարարությունում, առավել ևս կառավարությունում»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ երբ կառավարությունը հաստատի այդ ցանկը, Համաշխարհային բանկի աջակցությամբ կիրականացվեն այդ նոր դպրոցների համար գույքային համալրման, լաբորատորիայի ձեռքբերման, համակարգչային լսարանների ստեղծման, գրադարանների հարստացման ծրագրերը։

Աշոտյանն անդրադարձավ նաև դպրոցներում ինտերնետ-հասանելիությանը։ Նա նշեց, որ Հայաստանում գործող շուրջ 1400 դպրոցներից ավելի քան 600-ը համակցված է ինտերնետային ցանցին։ Այս տարի պետական բյուջեի միջոցներով ևս 300 դպրոց կմիանա ցանցին։ Իսկ մնացած 500 դպրոցներում այդ հարցը կլուծվի երկու տարվա ընթացքում Համաշխարհային բանկի վարկային միջոցներով։

«Մեր ծրագիրը թույլ կտա ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցները համակցել համացանցին»,- նշեց նախարարը։