Ինտերնետը կարող է էժանանալ. վերջ է դրվում պրովայդերների խարդախությանը

17:44 • 14.04.10

Հայաստանում ինտերնետ-թրաֆիկի փոխանակումը պրովայդերների միջև կիրականացվի ըստ կանոնների։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր հաստատել է տեղական պրովայդերների միջև ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կանոնները:

Ըստ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանի՝ կանոնները նախատեսում են անվճար պիրինգային (P2P, peer-to-peer) միացման փոխադարձ ապահովում վայրկյանում 10 Մբ նվազագույն թողունակությամբ:

Պիրինգային միացումը ենթադրում է մի ցանցի բաժանորդների ուղիղ միացում մյուսի բաժանորդներին՝ առանց երրորդ ցանցերի միանալու:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ այս որոշումը թույլ կտա, վերջնական սպառողի համար իջեցնել ինտերնետ ծառայությունների արժեքը և բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Ըստ «ԱրմենՏելի» իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանի՝ պիրինգային միացումների համակարգման բացակայության պատճառով մինչև այժմ առկա էին մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, որոշ պրովայդերներ սահմանափակել են այլ պրովայդերների բաժանորդների հասանելիությունն իրենց ցանցերին, ինչի հետևանքով վերջնական սպառողը որոշակի անհարմարությունների էր հանդիպում։