ՏՏ ոլորտը լրջորեն կարող է ազդել հասարակության մտածողության վրա. վարչապետ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 10 տարեկան է։ Այս առիթով այսօր գումարվեց միության 10-րդ համագումարը։
ԻՏՁՄ անդամներին շնորհավորելու էր եկել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ևս մեկ անգամ հավաստեց, որ ՏՏ ոլորտի հիմնախնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ըստ վարչապետի՝ դեռ 6 տարի առաջ է կառավարությունը ոլորտը գերակա ուղղություն հռչակել։
«Շատ հաճախ ձեր հանրությունը դժգոհում է, որ ոլորտի բարեփոխումները դանդաղ են ընթանում։ Մենք, տեսնելով այդ դժգոհությունները, միաժամանակ արձանագրում ենք, որ վերջին տարիներին ոլորտում նաև առաջընթաց է գրանցվել»,- նշեց վարչապետը։
Նա, մասնավորապես, ընդգծեց, որ երբ 2009թ. Հայաստանում ՀՆԱ-ի անկում գրանցվեց, ՏՏ ոլորտը 17 տոկոսով աճեց։ Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ համատեղ իրականացված ծրագրերը արդյունք են տալիս։ Վարչապետը նաև չափազանց կարևոր համարեց այն, որ 2009թ. կտրուկ ավելացել է ՏՏ սպառողների թիվը։
«Դեռևս ինտերնետի հասանելիության և գնի խնդիրներ ունենք Հայաստանում։ Սակայն բարեփոխումներն ընթացքի մեջ են, մրցակցությունն այս տարի կուժեղանա, ինչը դրական կազդի և՛ գնի, և՛ ծառայությունների որակի վրա»։
ՏիգրանՍարգսյանը նաև նշեց, որ Հայաստանում պետք է ձևավորել ոչ միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, այլև գիտելիքի վրա հիմնված հասարակություն։ Ըստ նրա՝ ՏՏ-ն այն ոլորտն է, որը լրջորեն կարող է ազդել մեր հասարակության մտածողության վրա։
ԻՏՁՄ նախագահն ու գործադիր տնօրենը ներկայացրեցին Միության 10 տարվա նվաճումներն ու հետագա անելիքները։
Նշենք, որ Միության անդամ են 40 կազմակերպություններ։
Համագումարի շրջանակում այսօր տեղի կունենան նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություններ։










