Հայկական շուկան ողողված է կեղծ ապրանքներով. Արմեն Ազիզյան
Թեև Հայաստանում մտավոր սեփականության ոլորտը կարգավորվում է համապատասխան օրենքներով, կառավարությունն էլ մտադիր է օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել, սակայն հեղինակները չեն կարողանում իրենց իրավունքների պաշտպանության հարցում արդյունքի հասնել: Այս մասին այսօր Երևանում Եվրամիության խորհրդատվական խմբի աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանը:
Ըստ նրա` հայկական շուկան այսօր ողողված է կեղծ ապրանքներով: Կեղծվում է հիմնականում հայտնի բրենդ ունեցող ընկերությունների արտադրանքը: «Օտարերկյա ընկերությունները շահագրգռված չեն Հայաստանում իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Ասում են` Հայաստանը փոքր շուկա է, մեր կորցրած գումարները մեծ թիվ չեն կազմում»,- իր մտահոգությունը հայտնեց Ազիզյանը:
Գործակալության տնօրենի կարծիքով՝ այս դաշտում պետք է կարգուկանոն հաստատի կառավարությունը. «Կառավարությունը պետք է այս հարցի լուծման համար գործի դնի իր լծակները»:
Մտավոր սեփականության ոլորտում ստեղծված խառնաշփոթը, ըստ Ազիզյանի, չի կարողանում վերացնել նաև ոստիկանությունը: Հինգ տարի առաջ նմանօրինակ հանցագործությունների դեմ պայքարելու համար ոստիկանությունում ստեղծված ստորաբաժանումը, նրա խոսքով, արդյունավետ չի գործել: «Այդ հանցագործությունները, եթե չեն ավելացել, հաստատ չեն նվազել»:
Բանախոսը հույս հայտնեց, որ վարչապետի կողմից ստեղծված համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը կկարողանա այս ոլորտում վերացնել իրավախախտումները: «Սայլը տեղից շարժելու համար պետք է մշակել պայքարի մեխանիզմներ, տարաբնույթ միջոցառումներ իրականացնել»,- ընդգծեց նա:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի խոսքով` Հայաստանը մեծ ուշադրություն պետք է դարձնի մտավոր սեփականության ոլորտը կարգավորող օրենսդրության կիրարկմանը: «Օրենսդրական դաշտի կատարելագործումն ու օրենքների կիրառումը ոստիկանության և մաքսային ծառայության` այս ուղղությամբ իրականացված աշխատանքներն արդյունավետ կդարձնեն»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ԵՄ աջակցությամբ Հայաստանում անցկացվող մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ առաջին սեմինարն աշխատանքները կշարունակի նաև ապրիլի 16-ին:










