Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ դուք ժառանգություն եք ստացել. նախազգուշացնում է ԿԲ–ն
Կենտրոնական բանկը քաղաքացիների զգուշացնում է էլեկտրոնային եղանակով իրականացվող խարդախությունների մասին։ Վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ քաղաքացիներին էլեկտրոնային փոստով (e-mail) կամ բջջային հեռախոսակապի տեքստային հաղորդագրությունների միջոցով (SMS) կատարվում են առաջին հայացքից խիստ գրավիչ առաջարկներ։ Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության՝ այդ առաջարկներն իրականում աշխարհում բավական լայն տարածում գտած խարդախության սխեմաների մի մասն են։
Քաղաքացիներին առաջարկվում է չափազանց գրավիչ պայմաններով ներդրումներ կամ գնումներ կատարել կամ ինչ-ինչ գործարար նախաձեռնությունների շրջանակում ցուցաբերել որոշակի աջակցություն շռայլ վարձատրության դիմաց։ Քաղաքացիներին նաև ուղարկվում են հաղորդագրություններ, թե իբր իրենք ստացել են ժառանգություն կամ շահել են խոշոր գումար, որոնց ձևակերպման և հետագա տնօրինման համար անհրաժեշտ է վճարել որոշակի գումար։
Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը զգուշացնում է, որ վերոնկարագրյալ պատահական առաջարկներն իրենցից ներկայացնում են մարդկանց վստահությունը չարաշահելու միջոցով խարդախության ճանապարհով գումար վաստակելու միջոց, որում ներքաշված դյուրահավատ անձինք ի վերջո կարող են կրել լուրջ ֆինանսական վնասներ։ Նմանատիպ խարդախություններ կատարվում են մի շարք երկրներում, ինչի «զոհ» են դառնում բազմաթիվ քաղաքացիներ։










