Հարկային արտոնությունների կարիք ունեն բոլոր ոլորտները. Արմեն Ալավերդյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ արտոնություններ չունի և հարկվում է միևնույն սկզբունքներով ու մեխանիզմներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Եթե որևէ առանձնահատկություն սահմանվի, ապա դա պետք է արվի բացառապես օրենքի շրջանակներում, միայն օրենքով պետք է համապատասխան արտոնություններ ամրագրվեն»,- ընդգծեց նա:
Ըստ Ալավերդյանի` Հայաստանում հարկային արտոնություններից օգտվում են միայն ադամանդագործության ու ձեռագործ գորգերի արտադրության ոլորտները:
ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ նախ պետք է հստակեցվի, թե ինչ արտոնություններ են ուզում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որքան ժամկետով, այդ արտոնության գինը որքան պետք է լինի և հետևանքները որոնք են լինելու: Այս ամենը հստակեցնելուց հետո միայն, ըստ Ալավերդյանի, հնարավոր կլինի արտոնություններ սահմանելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
«Ես չեմ ուզում միանգամից տաք գլխով ասել` այս կամ այն ոլորտը պետք է առանձնացվի, որովհետև, եթե մեծ հաշվով դիտենք, նման արտոնության կարիք ունեն բոլոր ոլորտները»,- նշեց բանախոսը:










