Facebook-ում երկրպագուն արժե $3,6
Համաշխարհային մի շարք հայտնի ընկերություններ սպառողների սերը սկսել են հասարակական ցանցերում որոնել։ Դրանցից շատերին արդեն հաջողվել է մի քանի միլիոն «երկրպագու» հավաքել։ Իսկ ի՞նչ արժե ցանցային այս «համակրանքը»։ Հարցին փորձել է պատասխանել ցանցային մեդիաոլորտում մասնագիտացող Vitrue ընկերության հետազոտությունը։
Արդյունքում 1 մլն երկրպագուներից բաղկացած բազան գնահատվել է տարեկան մոտ $3,6 մլն։ Հետազոտությունը հիմնվում է Facebook-ի լրահոսում ցանցի օգտատերի գործողությունների ու արձագանքների վրա։ Հաշվարկների համար Vitrue-ում օգտվել են սեփական բազայից, որում կա Facebook-ի մոտ 41 մլն օգտատեր։
Պարզվում է, որ եթե հասարակական ցանցում գովազդվել ցանկացող ընկերության մասին ինչ-որ գրառում լրահոսում հայտնվի օրական երկու անգամ, ապա շուկայագետները մոտ 60 մլն արձագանքի հույս կարող են ունենալ։ «Մեկ անգամ երկրպագուների բազա ստեղծելով` այն պետք է անընդհատ թարմացվի»,- խորհուրդ են տալիս Vitrue-ում։
1 մլն օգտատերի համար $3,6 մլն ցուցանիշը ստացվել է հետևյալ կերպ. ենթադրվում է , որ 1 մլն երկրպագուները ցանցում ընկերությանն ամսական $300 հազ-ի մեդիահամարժեք գումար են ապահովում։ Այսպես, Vitrue-ի հաշվարկով, Starbucks սրճարանային ցանցի Facebook-յան 6,5 մլն երկրպագուները համարժեք են տարեկան 23,4 մլն գովազդի։
Նման ցուցանիշը, ճիշտ է, հաշվի չի նստում ամենաուժեղ խթանի հետ, որը գովազդատուներին մղում է դեպի հասարակական ցանցեր՝ սպառողների հետ հասարակական կապերի կառավարում։ Արտադրողները շատ հաճախ հասարակական ցանցերում շփումն օգտագործում են երկրպագուներին իրենց ապրանքները, ծառայություններն ու գները ներկայացնելու համար։
Արդյունքում Facebook-ն ու հասարակական մյուս ցանցերը մեծ հնարավորություններ ունեն ապագայում վերածվելու գովազդային հսկաների։
Այսպես, փորձագիտական գնահատումներով, մոտակա երկու տարիների ընթացքում Facebook-ը գովազդային շուկայից «կկլանի» $2 մլրդ։ Facebook-ի գովազդատուների շարքում այսօր իսկ այնպիսի հայտնի բրենդներ են, ինչպիսին են Unilever-ը, Coca-Cola-ն ու Procter & Gamble-ը։ Նրանք հրաժարվել են թանկարժեք «միկրոկայքերից»՝ հօգուտ Facebook-ի էջերի։
Ընկերություններից շահույթ նախատեսում է ստանալ նաև միկրոբլոգների Twitter ծառայությունը, որը ապրիլի 13-ից թողարկել է գովազդային սեփական մոդելը։Գովազդը երևալու է էջի վերին հատվածում՝ կայքում որոնման կամ հարցման արդյունքների հետ մեկտեղ։ Ժամանակի ընթացքում գովազդային հատվածներ կարող են լինել նաև Twitter-ի կոնկրետ օգտատերի լրահոսում։










