Հայաստանում ծրագրահենության մակարդակը նվազում է տարեկան 1%-ով

15:34 • 16.04.10

Հայաստանում մտավոր սեփականության հիմնախնդիրների թեմայով սեմինարի ընթացքում Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) ներկայացրեց Հայաստանում հենության և կեղծ ապրանքների ծավալների մասին զեկույցը։

Հայաստանի տնտեսության հատվածներում գրանցվել են հենության/կեղծարարության հետևյալ ցուցանիշները. քիմիական արդյունաբերություն և այլ ոլորտներ՝ 50%, համակարգչային ծրագրեր և տեխնիկա՝ 92%, սննդամթերք՝ 33%, աուդիովիզուալ ապրանքներ և մուլտիմեդիա՝ 50% և այլն։ Նշենք նաև, որ հետազոտության արդյունքում ծրագրային ապահովման ոլորտում բացահայտված հենության մակարդակը համընկնում է հայտնի BSA (Business Software Alliance)-ի Հայաստանի համար հաշվարկված ցուցանիշներին։ 2006-ից Հայաստանում ծրագրահենության մակարդակը նվազում է տարեկան 1%-ով, այնուամենայնիվ, Հայաստանը մնում է ծրագրահեն երկրների ցանկի առաջին հորիզոնանականներում։ Զեկույցում նաև նշվում է, որ ծրագրահեն արտադրանքի ընդամենը 2% է կանխվում Մաքսային ծառայության կողմից։ Ծրագրահեն և կեղծ արտադրանքի մոտ 65%-ը արտադրվում է Հայաստանում։

Ծրագրահենության շատ բարձր աստիճանով Հայաստանը 2008թ. համաշխարհային տնտեսությանը տվել է ընդամենը 8 մլն դոլարի վնաս, այնինչ ԱՄՆ-ը, որտեղ ծրագրահենության աստիճանն ամենացածրն է (20%), պատճառել է 9.1 մլրդ դոլարի վնաս (ըստ BSA զեկույցի)։