МойМир-ն առաջ է անցել Одноклассники-ից

13:16 • 16.04.10

J’son & Partners Consulting վերլուծական ընկերությունը հրապարակել է արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում սոցիալական ցանցերի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները։ Ռուսաստանում առաջատարներն են Вконтакте և МойМир@Mail.ru սոցիալական ցանցերը, որոնց ամսական լսարանը 2009-ի տարեվերջի տվյալներով կազմում է, համապատասխանաբար, 17,7 և 15,6 մլն օգտատեր։ Մինչդեռ Одноклассники սոցիալական ցանցից օգտվողների թիվը 14,3 մլն է։ Այս մասին հաղորդում է vkrizis.ru կայքը։

ԱՊՀ երկրներում նույնպես առավել տարածված են ռուսական Вконтакте, МойМир@Mail.ru և Одноклассники սոցիալական ցանցերը։ «Ռուսական սոցիալական ցանցերի լայն տարածումը պայմանավորված է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի քաղաքացիների միջև սերտ սոցիալական կապերով, ինչպես նաև ռուսերենի տարածվածությամբ»,- նշել են J’son & Partners Consulting-ի մասնագետները։

Աշխարհում ամենատարածված սոցիալական ցանցերի թվում են Livejournal-ը, FaceBook-ը, Twitter-ը։

Չնայած գործառույթների նմանությանը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր սոցիալական ցանց ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ՝ Вконтакте ցանցը նախատեսված է ավելի երիտասարդ լսարանի համար, Одноклассники ցանցը՝ միջին տարիքի օգտատերերի համար։

LiveJournal-ը բլոգերի ցանց է, ինչով տարբերվում է ավանդական սոցիալական ցանցերից։ Twitter-ը միկրոբլոգերի ծառայություն է, սակայն այն Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ավելի քիչ է տարածված՝ սմարթֆոներից օգտվողների համեմատաբար ավելի քիչ քանակի պատճառով (դրանց միջոցով են սովորաբար Twitter-ում թարմացվում միկրոբլոգերը)։ Facebook սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ մասնակցել ընկերների կյանքին, իսկ МойМир@Mail.ru-ն տարբերվում է Mail.ru-ի այլ ծառայությունների հետ սերտ ինտեգրմամբ, որոնք հարմար են օգտվողների համար։