Որո՞նք են աշխարհի լավագույն բլոգերը

19:25 • 17.04.10

Գերմանական Deutsche Welle մեդիաընկերությունը կազմել է աշխարհի լավագույն բլոգերի ցանկը։ Ամենամյա մրցույթին, որն անցկացվում էր վեցերորդ անգամ, մասնակցում էին ռուսերեն, արաբերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, բենգալերեն, ինդոնեզերեն, պորտուգալերեն, իսպաներեն և չինարեն բլոգեր։

«Լավագույն բլոգ» անվանակարգում ժյուրին հաղթող է ճանաչել Ushahidi: Crowdsourcing Crisis Information անգլալեզու ռեսուրսը։ Այս բլոգի միջոցով բջջային հեռախոսների և սոցիալական ցանցերի օգտատերերը կարող են ինտերակտիվ քարտեզի վրա նշել աշխարհի թեժ կետերի և տարերային աղետների կոորդինատները։

«Լավագույն տեսաբլոգ» անվանակարգում ժյուրին գրեթե միաձայն հաղթող է ճանաչել Мистер Фриман ռուսալեզու բլոգը։ Мистер Фриман-ը մուլտհերոս է, որին ստեղծել է անանուն հեղինակը։ Բլոգում զետեղվում են մի մարդուկի չարանենգ մենախոսությունները, որին բոլորովին դուր չեն գալիս մարդիկ։

«Ամենայուրօրինակ բլոգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել միանգամայն երկու բլոգ՝ բրազիլական Blog do Alem-ը և ռուսական Проснись, мистер Грин-ը։

Blog do Alem-ը կեղծ բլոգերի հավաքածու է, որոնք իբրև ստեղծել են հայտնի մարդիկ, օրինակ՝ Լեոնարդո դա Վինչին, Էնդի Ուորհոլը, Մերիլին Մոնրոն։

Проснись, мистер Грин-ի հեղինակը երիտասարդ դիզայներ է Մոսկվայից, ով իր բլոգում հրապարակում է կոլաժներ, նկարներ, շարժանկարներ՝ երաժշտության և օրիգինալ տեքստերի համակցությամբ։ Նա իր բլոգի այցելուներին նաև առաջարկում է կատարելագործել և կերպարանափոխել արդեն գոյություն ունեցող առարկաներն ու սարքերը՝ նկարելով իրենց տարբերակները։