Խարդախություններ «Օդնոկլասնիկիով»
2010թ. ապրիլի 1-19-ը Հայաստանում արձանագրվել է խարդախության 49 դեպք, բացահայտվել է 48-ը:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, արձանագրվել են նաև հայտնի «օդնօկլասսնիկի.ռու» կայքէջի միջոցով կատարված խարդախությունների դեպքեր:
Օրինակ, պարզվել է, որ խարդախություն կատարելու համար ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Երևանի բնակիչ Ա. Հակոբյանը նաև մի շարք «ինտերնետային խարդախությունների» հեղինակ է։
«Օդնոկլասնիկի» կայքի միջոցով նա ծանոթացել և մտերմացել է տարբեր աղջիկների հետ, պարբերաբար խնդրել նրանց՝ լիցքավորել իր բջջային հեռախոսը։ Մի դեպքում, օրինակ, «ծանոթուհիներից» մեկը 20 հազար դրամ է փոխանցել Հակոբյանի բջջային հեռախոսին, մեկ այլ դեպքում 30 000-ական դրամի լիցքավորում են կատարել երկու այլ աղջիկներ։ Ինտերնետային մեկ այլ ծանոթուհի էլ, որին Հակոբյանը ներկայացել է որպես գործարար, «բավարարել է» նրա հարյուրդոլարանոց ախորժակը։










