«Նաիրի» քառյակի անդրանիկ համերգը՝ ապրիլի 22–ին
Ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսին կներկայանա նորաստեղծ «Նաիրի» լարային քառյակը` 1-ին ջութակ` Տիգրան Մաթեւոսյան, 2-րդ ջութակ` Լուսինե Աղաբաբյան, ալտ` Արմեն Թորոսյան, թավջութակ` Լևոն Առաքելյան: Քառյակի գլխավոր պրոդյուսերն է Արման Ծատուրյանը:
Անդրանիկ համերգին երիտասարդները կնվագեն Հայդնի, Դվորժակի, Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև նոր ու պակաս ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Պետական կոնսերվատորիայի չորս շրջանավարտներից բաղկացած քառյակը «Նաիրի» անվամբ սկսել է հանդես գալ բոլորովին վերջերս, թեև մինչև այդ էլ նրանք միասին ելույթներ ունեցել են և մեծ փորձառություն ունեն այդ ասպարեզում: Երիտասարդ երաժիշտները վերջերս նվագեցին նաև Հայաստանում գտնվող իտալացի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիեդրոդարկիի և կիթառահար Լուկա Լուչինիի հետ: «Նաիրին» նաև մի շարք փառատոների ու մրցույթների է մասնակցել. դրանցից վերջինն էլ Վրաստանում էր:










