Կմշակվի Թուրքիայում մշակութային ցեղասպանության մասին փաստաթղթերի փաթեթ

13:58 • 20.04.10

Հանրապետական Թուրքիան կոպտորեն խախտում է Լոզանի պայմանագիրը։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող «Մշակութային ցեղասպանություն» խորագրով միջազգային գիտաժողովին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Հանրապետական Թուրքիայի գոյության ողջ ընթացքում հայկական հուշարձանները դարձրել են ոչնչացման թիրախ՝ նպատակ ունենալով ոչնչացնել հիշողությունները հայերի գոյության մասին»,- ասաց Դեմոյանը։

Նա նշեց, որ թանգարան-ինստիտուտը պատրաստվում է մշակել Թուրքիայի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության վերաբերյալ մի ծրագիր, որտեղ ամփոփ կներկայացվեն համապատասխան բոլոր փաստաթղթերը։ Այդ ծրագիրը կներկայացվի կառավարությանը։

«Այն փաթեթը, որը մենք պետք է պատրաստենք, որտեղ կունենանք բոլոր փաստերը, կկարողանանք ներկայացնել ցանկացած ատյան»,- ասաց նա։

Դեմոյանը նշեց, որ մշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն արդեն պատժվում է, և դրա համար կան բոլոր նախադրյալները։