Ազգային մշակութային արժեքների ոչնչացումը նույնպես Ցեղասպանություն է. Հրանուշ Հակոբյան

15:22 • 20.04.10

«Մշակութային ցեղասպանություն» խորագրով միջազգային գիտաժողովն այսօր սկսեց իր աշխատանքները մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

«Լրանում է Հայոց Մեծ եղեռնի 95–ամյա տարելիցը, դար է գլորվել, սակայն հայոց վիշտն այնքան մեծ է, ցավն այնքան սոսկալի է, որ հայ ժողովուրդն իր բաց վերքը մորմոքում է, կանգնած է իր Հայ դատի դիրքերում և պահանջատեր է այս ամեն ինչին»,– իր ելույթում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նա նշեց, որ համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում թե Սփյուռքում, միակամ պայքարում է Ցեղասպանության վերջնական ճանաչման համար։ Ըստ նրա՝ դրա մասին են վկայում ՀՀ նախագահի ելույթները Լոնդոնում, Դեյր Զորում և Վաշինգտոնում։

«Մենք վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչման հաղթարշավը, միևնույն է, վերջնական արդյունքի է հասնելու»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ ազգային մշակութային արժեքների ոչնչացումը նույնպես Ցեղասպանություն է։

Նշենք, որ միջազգային գիտաժողովը կազմակերպել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը՝ Սփյուռքի նախարարության և ԳԱԱ–ի աջակցությամբ։