Թումանյանական հեքիաթի օրեր Հայաստանում

10:29 • 20.04.10

Սեպտեմբերի 4-10-ը Հայաստանում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների հինգերորդ միջազգային փառատոնը։ Այդ մասին Tert.am-ին տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, UNIMA-Armenia տիկնիկային գործիչների միջազգային ասոցիացիայի հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը։

Ըստ նրա՝ փառատոնին մասնակցելու հայտեր արդեն ներկայացրել են 12 երկրների թատերական համույթներ, այդ թվում՝ Բելգիայից, Հունգարիայից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից։ Բացի այդ, իրենց արվեստը կներկայացնեն հայկական 18 թատրոններ ու թատերախմբեր։ Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է։

Սաֆարյանը հայտնեց, որ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում։ Իսկ Երևանում կանցկացվի հյուրերի մասնակցությամբ ավանդական շքերթը, որին նրանք կներկայանան հեքիաթների հերոսների կերպարանքով։