Ավագ դպրոցի գաղափարը տապալում են այն իրականացնողները. «Ժառանգություն»
«Ավագ դպրոցի գաղափարը ճիշտ է, բայց հերթական անգամ մեզ մոտ այն իրականացնողները տապալում են»,- այսօրվա ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ավագ դպրոցի համակարգի ներդրումը չի վտանգում դպրոցների ապագան։
Անահիտ Բախշյանը նշեց, որ ավագ դպրոցի գաղափարը լավն է, այն ուղղված է նախամասնագիտական կրթությանը, որի ընթացքում աշակերտներն իրենց մասնագիտության համար անհրաժեշտ առարկաները պետք է ավելի խորն ուսումնասիրելու հնարավորություն ունենան։
Պատգամավորը ավագ դպրոցի գաղափարի խեղաթյուրման համար մեղադրեց մարզպետներին և դպրոցների տնօրեններին։
Արձագանքելով այն մտահոգություններին, թե ավագ դպրոցի ներդրմամբ պարզապես կոռուպցիայի նոր հնարավորություններ են ստեղծվում, Անահիտ Բախշյանն ասաց. «Ես չեմ բացառում մեր երկրում ամեն աննորմալ երևույթների հնարավորությունը։ Պետությունը կրակն է ընկել իր գրածի ձեռքը»։










