Ազգայի՞ն, թե՞ օտարալեզու դպրոցներ. բանավեճ

13:14 • 21.04.10

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ու Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօրվա համատեղ ասուլիսին հակադիր տեսակետներ արտահայտեցին կրթության նախարարության օրենսդրական նախաձեռնության առնչությամբ, որով առաջարկվում է ազգային դպրոցներից բացի հիմնել օտարալեզու դպրոցներ, այսինքն՝ վերադառնալ նախկինում գոյություն ունեցած մոդելին։

Արմեն Հարությունյանը շեշտեց, որ ազգային դպրոցներն ամուր պահելուն զուգահեռ մենք պետք է ունենանք նաև օտարալեզուդ պրոցներ, որպեսզի կարողանանք պատրաստել միջազգային որակի մասնագետներ։ «Կրթության ներկա համակարգը հնարավորություն չի տալիս միջազգային մակարդակի մասնագետներ պատրաստել»,- հայտարարեց նա։

Օմբուդսմենի կարծիքով՝ վախենալով նման դպրոցներ բացելուց՝ մենք փաստում ենք մեր թուլությունը, մինչդեռ լեզուների լավ իմացությունը նոր որակ կբերի կրթության բնագավառում։

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը դեմ է օտար լեզվի թեքումով դպրոցների գոյությանը։ «Մարդը պետք է սովորի ազգային դպրոցում։ Օտար լեզուների համար թող կիրակնօրյա դպրոց բացեն։ Դա սովետական ֆորպոստյան միտում է»,- նշեց նա։

Բաբայանի կարծիքով՝ օտար լեզուների լավ իմացությունը կարևոր է, բայց մեր դպրոցներում անգամ այդ առարկաները լավ չեն ուսուցանում։

Բանախոսները համակարծիք են մի հարցում. Հայաստանում կրթական համակարգը այնքան թերի է, որ այդ բացը լրացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերից առաջնայինը օտարալեզու դպրոցներ բացելը չպետք է լինի։

«Մեր կրթության ոլորտում ահավոր մեծ պրոբլեմ կա՝ անգրագիտության մակարդակը շատ բարձր է»,- հայտարարեց Բաբայանը։ Արմեն Հարությունյանն էլ իր հերթին ընդգծեց. «Ազգային դպրոցները պետք է, իրոք, մրցունակ լինեն։ Պետք է մեր կրթական համակարգը մրցունակ դարձնենք»։