Երևանյան թատրոնին Մոսկվայում ջերմ են ընդունել

16:54 • 21.04.10

Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է «Ոսկե դիմակ» 16-րդ թատերական փառատոնի արտամրցութային ծրագրին։ Մոսկվացի հանդիսատեսի դատին ներկայացվել է «Ամպից պոկված հեքիաթ» ներկայացումը՝ Զարուհի Անտոնյանի բեմադրությամբ։

«Մեզ շատ լավ են ընդունել, մենք երկու անգամ ենք խաղացել ներկայացումը։ Առաջինին ներկա էին հիմնականում երեխաները, իսկ երկրորդ անգամ` մեծահասակները։ Արձագանքը նույնն էր»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Ըստ նրա՝ «Մասկա պլյուս» արտամրցութային ծրագրին մասնակցել են վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Բելգիայի, Լատվիայի և ԱՄՆ-ի թատերական համույթներ։

Բաբայանը նաև խոսեց թատրոնի ապագա ծրագրերի մասին։ Այսպիսով, սեպտեմբերին «Ամպից պոկված հեքիաթ» ներկայացումը կուղևորվի Բուլղարիա՝ մասնակցելու «Երկուսը քիչ է, երեքը՝ շատ» կամերային տիկնիկային թատրոնների փառատոնին։