Գերմանացի ֆիզիկոսը կանխատեսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին

09:35 • 23.04.10

Դորտմունդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսորը մշակել է բանաձև, որի միջոցով հաշվարկել է և պարզել, թե ով է լինելու 2010թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը։ Ինչպես հաղորդում է AFP-ն, Մետին Տոլանը պնդում է, որ առաջնությունում կհաղթի Գերմանիայի հավաքականը։

Բանաձևը հաշվարկելիս գերմանացի ֆիզիկոսը հիմնվել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ նախորդ առաջնությունների արդյունքների վրա։ Այսպիսով, ֆիզիկոսը հաշվարկել է, որ միջին արդյունքը, որը գերմանական հավաքականը ցուցաբերել է աշխարհի խաղերին, երրորդ-չորրորդ տեղերն են։ Միևնույն ժամանակ Գերմանիան հաղթել է ֆուտբոլի աշխարհի երեք առաջնություններում՝ 1954թ., 1974թ. և 1990թ.։ Այսպիսով, գերմանացիները չեմպիոններ են դառնում յուրաքանչյուր չորս-հինգ առաջնությունը մեկ անգամ։

«Վերջին անգամ Գերմանիան հաղթել է Աշխարհի առաջնությունը 1990թ., այսինքն այդ թվականից հետո աշխարհի առաջիկա առաջնությունը ՀԱՀ-ում հինգերորդն է, իսկ դա նշանակում է, որ այդ տարի պարզապես անհնար կլինի հաղթել գերմանացիներին»,- նշել է գերմանացի ֆիզիկոսը։

Նշենք, որ ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա ՀԱՀ-ում հունիսի 11-ից հուլիսի 11-ը։