Հայ բիզնեսմեններն անտեսում են գիտական ոլորտը. Գիտնականների հույսն արտերկիրն է

14:21 • 23.04.10

ՀՀ գիտություների ազգային ակադեմիայի այսօրվա տարեկան ժողովում ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առիթն օգտագործեց ու ՀՀ վարչապետին ներկայացրեց գիտնականներին հուզող և ոլորտի առջև ծառացած խնդիրները:

Ակադեմիայի նախագահն առաջարկեց հստակեցնել ԳԱԱ ինստիտուտներին պետական հովանավորությամբ վարկեր տրամադրելու հնարավորությունները: Ըստ նրա` վարկերի դիմաց առևտրային բանկերը գրավներ են պահանջում, սակայն ակադեմիայի ինստիտուտները նման ունեցվածք չունեն:

Հաջորդ խնդիրը, ըստ Մարտիրոսյանի, այն է, որ անհրաժեշտ է խրախուսել ներդրումները գիտության ոլորտում, պետական գերատեսչություններին մասնակից դարձնել գիտական ինովացիոն հետազոտությունների արդյունքների օգտագործմանը և այլն:

ԳԱԱ նախագահը ցավով արձանագրեց, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները բացահայտ անտարբեր են նորարարական առաջարկների նկատմամբ: Գիտնականներն առաջարկում են ստեղծել բարենպաստ պայմաններ և հարկային արտոնություններ տալ գիտության ու մշակույթի ոլորտներում ծախսեր կատարող բիզնեսմեններին:

«Որևէ տնտեսվարող սուբյեկտ վերջին 2-3 տարիներին ոչ մի առաջարկ չի ներկայացրել մեզ, ցանկություն չի ունեցել ծանոթանալու մեր աշխատանքին: Հետևաբար այն արդյունքները, որոնք մենք ստացել են, ոչ միայն պետք է կիրառենք Հայաստանի տնտեսությունում, այլ հանենք միջազգային շուկա և ներկայացնենք նրանց, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում»,- ընդգծեց Մարտիրոսյանը` նշելով, որ միայն Երևանի ոսկերչական գործարանն է համագործակցում իրենց հետ:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ձևավորելը: Շատ երկրներ հասկացել ու կիրառում են դա:

Մարտիրոսյանը նաև նշեց, որ չնայած ստեղծված իրավիճակին, գիտնականներն իրենց աշխատանքը շարունակելու են` հույս ունենալով, որ եթե ոչ հայրենիքում, ապա դրսում իրենց գիտական արդյունքներն անպայման կգնահատեն:

Անդրադառնալով ոլորտի ֆինանսավորմանը` Մարտիրոսյանն արձանագրեց, որ գիտության փորձարարական հենքը ֆիզիկապես և բարոյապես մաշվել ու հնացել է: Եթե առաջիկա տարիներին չհաջողվի սարքավորումների արդիականացման աշխատանքներ իրականացնել, ապա տխուր իրավիճակ կստեղծվի:

Ըստ նրա` ոլորտին հատկացվող ֆինանսավորման 70 տոկոսն ուղղվում է աշխատավարձերի վճարմանը, և գիտական հետազոտություններին չնչին գումար է բաժին ընկնում: Այնինչ շատ երկրներում ոլորտի բյուջեի առնվազն 50-55 տոկոսն է ուղղվում գիտական աշխատանքների կատարմանը:

Մարտիրոսյանը նաև նշեց, որ գիտնականների միջին աշխատավարձը 2009թ. կազմել է 57.5 հազ դրամ, ինչը 2008թ. համեմատ բարձրացել է ընդամենը 6 տոկոսով: Համակարգի աշխատողների թիվը 2008թ. համեմատ այսօր նվազել է 22-ով` կազմելով 3 788 մարդ: