Ջոն Մաքլաֆլինը և Արտո Թունջբոյաջյանը՝ մեկ բեմում

12:41 • 23.04.10

Երևանում «Վիբրոգրաֆուսի» կողմից կազմակերպվող «Համաշխարհային երաժշտություն» փառատոնի շրջանակում ապրիլի 28-ին, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում միայն մեկ համերգով հանդես կգա բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը, անգլիացի ջազ ֆյուժն կիթառահար Ջոն Մաքլաֆլինը իր The 4th Dimension խմբի հետ միասին:

Ինչպես տեղեկացնում է «Վիբրոգրաֆուսը», համերգին իր ինքնատիպ երաժշտությամբ ու խառնվածքով կմիանա մեկ այլ մեծ երաժիշտ` Արտո Թունջբոյաջյանը, ով արդեն առիթ ունեցել է նվագել Մքլաֆլինի հետ:

«Արտոն հիանալի երաժիշտ է, մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն»,- ասել է Ջոն Մքլաֆլինը Մոնտե Կառլոյում տված հարցազրույցի ընթացքում:

Ջոն Մաքլաֆլինն իր ստեղծագործական գործունեության ընթացքում համագործակցել է այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են Տոնի Վիլյամսը, Մայլզ Դեվիսը:

Ջոն Մաքլաֆլինը նվագում է տարբեր ոճերի և ժանրերի երաշտություն, այդ թվում` ջազ, հնդկական դասական երաժշտություն, ֆյուժն, արևմտյան դասական երաժշտություն: Նրա երաժշտական ձեռագիրն իր ազդեցությունն է թողել բազմաթիվ կիթառահարների վրա: Իր որոշ ակուստիկ ձայնագրություններում նաև անդրադարձել է ֆլամենկո ոճին: Նա նաև լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, որի կազմում հանդես է եկել Ալ դի Մեոլայի և Պակո դե Լուսիյայի հետ: