Facebook-ն ուզում է Google դառնալ

09:57 • 24.04.10

Facebook հասարակական ցանցը կուզենար տարածվել ողջ ինտերնետով մեկ՝ յուրաքանչյուր կայք դարձնելով իր ցանցի էջերից մեկը։ Աշխարհում ամենատարածված պլատֆորմներից (400 մլն-ը գերազանցող օգտատերերով) մեկի հիմնադիրների կարծիքով՝ նման էվոլյուցիան անխուսափելի է։ Օգտվողները շուտով կճանապարհորդեն ինտերնետով մեկ՝ առանց լքելու Facebook-ի իրենց օգտահաշիվը։

«Մինչև վերջերս բազմաթիվ կայքեր հասարակական ցանցերի տարրեր չունեին ու ուշադրություն չէին դարձնում օգտվողների անհատական հաղորդագրություններին։ Ինտերնետը հիմա տարբեր էջերի միջև հղումների չհամակարգված ցանց է հիշեցնում։ Սակայն իրավիճակը սկսում է փոխվել, ուշադրության կենտրոնում սկսում է կոնկրետ անձը հայտնվել»,- վեբծրագրավորողների ամենամյա F8 համաժողովի ընթացքում հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Ցուկերբերգն ավելի համոզիչ թվալու համար մի քանի օրինակ է բերել. «Այսօր Facebook-ի օգտատերը կարող է, օրինակ, Pandora ինտերնետ ռադիոկայանի կամ ESPN սպորտային ցանցի էջերն այցելել, մյուսների կամ ընկերների հետ նորություններ ու երաժշտություն փոխականակել։

Pandora-ն այս դեպքում հեռարձակելու է ձեր նախընտրած երաժշտությունը՝ անկախ նրանից, թե որտեղից եք դուք կամ ձեր ընկերներն ինտերնետ մտնում»,- նշել է Ցուկերբերգը։

Facebook-ի տեխնիկական հարցերով փոխնախագահ Մայք Շրյոպֆերը հետաքրքրությունների ու փորձի փոխանակման այս համակարգը համեմատել է ռեստորանի հետ, որի մետրդօթելը միշտ գիտի ձեր անունն ու թե ինչ կուզենայիք դուք պատվիրել։
Հենց այս նպատակին է ծառայելու հասարակական ցանցում ընդամենը մի քանի օր առաջ հայտնված Like սեղմակոճակը, որը Facebook-ում մտադիր են ներդնել բոլոր էջերում, եթե, իհարկե, վերջիններս ուզենան դա։ Մեկ սեղմում, և ձեր ընկերները հայտնվում են տվյալ կայքէջի մտերիմների ցանկում։ Ավելի քան յոթանասուն ռեսուրսներ, ներառյալ՝ IMDB-ն (The Internet Movie Database) ու Microsoft-ի ծառայությունները, արդեն իսկ սկսել են փորձարկել այս տեխնոլոգիան։

«Սա ուժեղ հարված է Google-ին։ Փողեր ու վերահսկողություն՝ ահա այն ամենը, ինչն այսօր առաջնորդում է Facebook-ին, Google-ին ու Apple-ին։ Նրանք ձգտում են հնարավորինս շատ վերահսկել իրենց օգտատերերին»,- կարծում է Enderle Group ընկերության վերլուծաբան Ռոբ Էնդերլեն։

Նշենք, որ այն, ինչ առայժմ միայն նախատեսում են Facebook-ում, հաջողությամբ արդեն իսկ իրականացնում են Google-ում։ Այստեղ, սակայն, սկսել են ավելի մեծ ուշադրություն հատկացնել անհատական հաղորդագրությունների փոխանակման բաղադրիչին ու Gmail-ում Facebook-յան, ավելի շուտ՝ Twitter-յան սեփական տարբերակը ինտեգրել՝ Google Buzz-ը։

«Կապիտալ»